Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

Կենտրոնական Ասիայի իշխանությունները, ի դեմս Չինաստանի, տեսնում են նոր «մեծ եղբոր»

Կենտրոնական Ասիայի իշխանությունները,  ի դեմս Չինաստանի, տեսնում են նոր «մեծ եղբոր»
04.10.2013 | 00:05

Չինական գործոնն արդեն դարձել է Կենտրոնական Ասիայում իրականացվող աշխարհաքաղաքականության անկապտելի մասը, իսկ տարածաշրջանի երկրները վերջին երկու տասնամյակում Չինաստանի հետ սահմանային «բարտերային» համագործակցությունից հասել են գործընկերության լիարժեք հարաբերությունների, և սա հերքելը կամ այս հարցում վիճելն անիմաստ է։ Այնպես որ, Պեկինն այդ տարածաշրջան է գալիս «լրջորեն ու երկար ժամանակով»։ Չնայած ռուս փորձագետներից շատերի կարծիքով՝ «իրականում Չինաստանին այստեղ հետաքրքրում են միայն էներգակիրները», երևում է, որ Կենտրոնական Ասիան այսօր Չինաստանի կողմից դիտվում է իբրև «ռազմավարական թիկունք», իսկ տեղի իշխանությունները, արդեն ի դեմս նրա, տեսնում են նոր «մեծ եղբոր»։ Ընդ որում՝ բոլոր ուղղություններով։

Կասկածից վեր է, որ, նկատի ունենալով սեփական էներգետիկ անվտանգությունը, Պեկինն այժմ ռազմավարական շեշտը դնում է նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ երկկողմ հարաբերությունների հաստատման վրա, ուշադրությունը բևեռելով էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի (ապրանքահոսքի), ինչպես նաև առևտրի ու տարածաշրջանային անվտանգության ապահովման վրա։ Չինաստանի առաջնահերթ շահերն են Ղազախստանի և Թուրքմենստանի նավթի-գազի ճյուղերն ու Ղազախստանի ատոմային ճյուղը։ Տրանսպորտի ոլորտում Պեկինը հիմնական ուշադրությունը նվիրում է Ղազախստանին և ՈՒզբեկստանին, ջրի պաշարների ասպարեզում՝ Տաջիկստանին ու Ղրղզստանին։ ՈՒզբեկստանի հետ ապրանքաշրջանառության աճը 2011-12 թթ. կազմել է 25 %, իսկ չինական ներդրումների մասնակցությամբ տասը տարում իրացվել է 83 ներդրումային ծրագիր՝ 6,75 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ Ապրանքաշրջանառությունը Թուրքմենստանի հետ անցել է 10 մլրդ դոլարից, վերջին յոթ տարում ավելանալով 100 անգամ։ Սպասվում է, որ 2015-ին Ղազախստանի հետ փոխադարձ առևտրի ծավալը կհասնի 40 մլրդ դոլարի։ Համապատասխանաբար, ակնհայտ է դառնում, որ երկարաժամկետ հեռանկարում այստեղ Չինաստանի ներկայությունն ու ազդեցությունը միայն կմեծանան և Կենտրոնական կայսրությունը, ոնց էլ գցում-բռնում ես, Ռուսաստանին դուրս է մղելու տարածաշրջանից։ Ասենք, ոչ միայն նրան։
Այս ամենը միանգամայն «չինարեն» (առանց պնդերեսության, բայց վստահ ու հետևողական) ցուցադրվեց սեպտեմբերին՝ նախագահ Սի Ցզինպինի տարածաշրջան կատարած տասնօրյա այցի ընթացքում։ Փորձագետները նշում են, որ ընկեր Սին վերստին հավաստել է, որ Չինաստանը երբեք չի միջամտի Կենտրոնական Ասիայի երկրների ներքին գործերին, երբեք չի ձգտի գերիշխանության հասնել տարածաշրջանում և մեծացնել իր ազդեցության ոլորտը։ Ավելին, կգործի Կենտրոնական Ասիայի դիմագիծն ու մշակութային առանձնահատկությունները հարգելով։ Սակայն, կարող եք վստահ լինել, իր շահը Պեկինը երբեք չի մոռանա։
Չին առաջնորդի առաջին կանգառը տարածաշրջանում գազի իր գլխավոր մատակարար Աշգաբադում էր, և, ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, այցի շնորհիվ «գործընկերները դարձան դաշնակիցներ», և Չինաստանի ու Թուրքմենստանի հարաբերությունները հասան ռազմավարական գործընկերության մակարդակի։ Արվեց համապատասխան հայտարարություն՝ ամրագրված համատեղ հուշագրով։ Դա, իհարկե, պատահական չէ։ Մի քանի տարում դառնալով ՉԺՀ-ի բնական գազի հիմնական մատակարարը (Աշգաբադին է բաժին ընկնում «երկնագույն վառելիքի» չինական ներմուծման կեսից ավելին), երկիրը մտադիր չէ բավարարվել ձեռք բերվածով։ Թուրքմենստանում «Գալքանըշ» («Վերածնության») վիթխարածավալ հանքավայրի հայտնագործությունը, որի պաշարները զիջում են միայն իրանա-քաթարյան «Հարավային Պարսին», երկիրը դասեց ածխաջրածնայինների շուկայի խոշորագույն մասնակիցների շարքում։ Հատկանշական է, որ Աշգաբադն ըստ ամենայնի խոստանում է Պեկինի շահագրգռությունն այդ հանքավայրով, ու չնայած արևմտյան կորպորացիաների կողմից «Գալքանըշի» նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությանը, հենց Չինաստանին է տրվել նախապատվությունը ինչպես հանքավայրի շահագործման, այնպես էլ այստեղ արդյունահանվող գազի մատակարարման գործում։ Այդ հանգամանքն ընդգծվեց Սի Ցզինպինի այցի ընթացքում, ու բանը բարեկամության և հետագա համագործակցության հավաստիացումներով չսահմանափակվեց։ Կողմերը պայմանավորվեցին Թուրքմենստանից Չինաստան գազի մատակարարումներն արդեն գալիք տարի հասցնել 40 մլրդ խորանարդ մետրի։ Դա կլինի այն բանից հետո, երբ կավարտվի Թուրքմենստան-Չինաստան գազատարի երրորդ ճյուղի շինարարությունը։ Բացի այդ, համաձայնագիր ստորագրվեց չորրորդ ճյուղի կառուցման վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա Թուրքմենստանից բնական գազի տարեկան արտահանությունը հասցնել 65 մլրդ խմ-ի։ Ծրագրվում է նախագծի իրագործումն ավարտել 2020 թ.։ Բայց սա էլ դեռ ամեն ինչը չէ։ Չիները հետաքրքրություն են հանդես բերել քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, հեռահաղորդակցության նկատմամբ։ Հասկանալի է, որ նման սերտ համագործակցությունը չի կարող սահմանափակվել միայն տնտեսությամբ։ Դաշնակցային հարաբերություններն ամրակայվեցին ռազմավարական գործընկերության հաստատման համատեղ հռչակագրով, որը «նպատակամիտված է երկու երկրների ինքնիշխանության, անվտանգության պաշտպանությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը»։ Բացի այդ, չինական կողմը պատրաստ է ակտիվացնելու գործակցությունն Աշգաբադի հետ անվտանգության և ազգային պաշտպանության ոլորտում։ Խոսքը «չարի երեք ուժերի» դեմ պայքարում ջանքերի միավորման մասին է։ Չինաստանում այդպես են անվանում ահաբեկչությունը, ծայրահեղականությունն ու անջատականությունը։ Սի Ցզինպինը չթաքցրեց, որ Պեկինը Թուրքմենստանի աջակցությունն է փնտրում Չինաստանի Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջանում անջատական շարժմանը համատեղ դիմակայելու գործում, ավելի կոնկրետ՝ խոսքը Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման մասին է, որը հենակետեր ունի Աֆղանստանում ու Պակիստանում և կողմնակիցներ Կենտրոնական Ասիայի հանրապետություններում։
Աստանայում Ղազախստանն ու Չինաստանը պայմանավորվեցին չինական էներգետիկ հսկային՝ CNPC-ին վաճառել Կասպից ծովի ծանծաղուտի Քաշաղանի նախագծի մի մասնաբաժին, և Սի Ցզինպինը մասնակցեց դեպի Չինաստան ձգվող հերթական գազատարի տեղամասի բացմանը։
Տաշքենդում կողմերը հավաստեցին իրենց ձգտումը տարբեր մակարդակներում պահպանելու քաղաքական երկխոսությունն ու կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու, շարունակելու երկկողմ հարաբերությունների և միջազգային կարևորագույն խնդիրների շուրջ կարծիքների փոխանակությունը փոխըմբռնման խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերմամբ համաձայնեցված մոտեցումների մշակման համար։ Նախագահ Սին և նախագահ Քարիմովը նաև համաձայնագիր ստորագրեցին տնտեսության մի քանի ոլորտներում համագործակցության վերաբերյալ, որի ընդհանուր արժողությունը կազմելու է 15 մլրդ դոլար։ Մասնավորապես, պայմանավորվածությունները վերաբերում են նավթի, գազի և ուրանի արդյունահանմանը։
Ղրղզստանում խոսվեց Չինաստանից այդ երկրով դեպի ՈՒզբեկստան տանող երկաթուղու շինարարության, ինչպես նաև ոսկու և ածխի արդյունահանման գործին չինական կողմի մասնակցության մասին։ Նկատենք, որ Ռուսաստանի համար երկաթուղու հարցը խիստ ցավոտ է, և այդ հարցում առանցքայինն այն է, թե երկաթգծի լայնության ինչ ստանդարտ կընտրվի շահագործման համար։
Չինաստանը սկզբից ևեթ պնդում էր և ձգտում այն բանին, որ երկաթգիծն ունենա եվրոպական լայնություն, ոչ թե ռուսական։ Դա տրամաբանորեն ներդաշնակում է Պեկինի հետագա ծրագրերին, որը ձգտում է, որ երկաթուղային ճյուղը ձգվի դեպի Իրան, ապա և Եվրոպա, բայց, Մոսկվայի կարծիքով, դա սոսկ չին-ղրղզական կամ ռուս-ղրղզական հարց չէ, դա «Ռուսաստանի ապագայի հարց» է։
Ընկեր Սիի շրջագայությունից հանված էր միայն Դուշանբեն, և դա էլ այն պատճառով, որ, ինչպես գրում են լրատվամիջոցները, «այնտեղ արդեն ամեն ինչ առնված է» և չինացիներն ամուր հաստատվել են Տաջիկստանում։ Երկրի ոչ լավագույն սոցիալ-տնտեսական դրությունը հաղթահարելու համար հարկավոր էր խոշոր ներդրումներ ներգրավել, և այստեղ Չինաստանն առաջատար դիրքեր է գրավում։ Եղած տվյալների համաձայն, ներկայումս Չինաստանը մասնակցում է ներդրումային 50 նախագծի իրացմանը, որոնք ընդգրկում են տնտեսության մի շարք գերակա ճյուղեր և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Այդ նախագծերի շարքում հսկայական նշանակություն ունեն նրանք, որոնք իրացվում են շինարարության և ավտոճանապարհների վերակառուցման ոլորտում։ Նախագահ Ռահմոնի ՉԺՀ կատարած վերջին այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց տարեկան մինչև երեք միլիոն տոննա կարողությամբ ցեմենտի գործարանի կառուցման համար մեկ միլիարդ դոլարի չինական ներդրումներ կատարելու շուրջ։ Բացի այդ, ներկայումս չինական ներդրումների միջոցով Դուշանբեում կառուցվում է ջերմաէլեկտրակայան, որի առաջին բլոկը պատրաստ կլինի գործարկման արդեն այս տարի։ Բավական շռայլ են նաև վարկերը. ներկայումս Պեկինին ունեցած վարկային պարտքերի գումարը հասնում է 900 մլն դոլարի։ Ճիշտ է, ռուսական լրատվամիջոցներն ու համացանցային հրատարակությունները շարունակ ճղճղում են, թե, իբր, «չինական զորքերը զավթել են արևելյան Պամիրը Տաջիկստանի Մուրղաբի շրջանում և հսկողության տակ են առել տարածաշրջանի միակ ավտոմայրուղին», որ Տաջիկստանն անկախության տարիներին արդեն Չինաստանին է հանձնել 1,5 հազար քառակուսի կիլոմետր վիճելի տարածքներ, որոնց ընդհանուր չափը 28,5 հազար քառակուսի կիլոմետր է, որ այս տարվա սկզբին Դուշանբեն Պեկինին ունեցած արտաքին պարտքի մարման հաշվին պատրաստվում էր տալ Պամիրի լեռնային տարածքների մի մասը, որը համարվում է բնակության համար ոչ պիտանի, բայց հարուստ է թանկարժեք քարերի, հազվագյուտ հանքանյութերի և ուրանի հանքերով։ Ճիշտ է, հետո պարզվում է, որ այդ ամենը սուտ է, բայց սա այլ խոսակցության թեմա է։ Առավել ևս, որ իրենց «կայսրապետական ոգևորության» պարագայում ռուսները սովորաբար նեղություն չեն քաշում բացատրելու, թե ինչու պետք է Չինաստանն այդ բանն անի այդպիսի կոշտ ու անհասկանալի ձևով, երբ նա վաղուց արդեն հարցերը լուծում է շատ ավելի հանգիստ ու հիմնովին։ Ասենք, հավակնոտ Մոսկվան միշտ քամահրանքով դեն է շպրտել «չինարենի դասերը»։ Բայց իզուր...


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ