«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ղուկիանոս Հարյուրապետի և մյուսների հիշատակության օրը

Ղուկիանոս Հարյուրապետի և մյուսների հիշատակության օրը

Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը և Հովսեփ Աստվածահորը, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակության օրը

  • Ս. Ղուկիանոս հարյուրապետի անունը թեև չի նշված Նոր Կտակարանում, բայց ըստ Սրբազան Ավանդության` նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին: Նա հռոմեացի զինվոր էր և ծնունդով Կապադովկիայից: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է եկել` հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատես լինելով Հիսուսի հրաշափառ հարությանը` հրաժարվում է սուտ վկայություն տալ, թե իբր Նրա մարմինը գողացել են աշակերտները: Ս. Ղուկիանոսը գլխատվել է Պիղատոսի կողմից:
  • Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Հիսուս Քրիստոսի հայրն է երկրի վրա և Ս. Մարիամի ամուսինը: Ս. Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տես Մատթ. 1:19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում չարձակել Մարիամին, քանզի նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է: Հրեշտակը պատվիրում է Որդու անունը Հիսուս դնել, քանզի նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից: Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը` նա ավելի ուշադիր է դառնում նշանածի հանդեպ` պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ ծնվեց մանուկ Հիսուսը, օրենքի համաձայն Հովսեփը թլփատեց նրան և քառասուն օրականում տաճարին ընծայեց: Իսկ երբ նրան վտանգ սպառնաց, Աստծո հրեշտակի հրամանով նրան Եգիպտոս փախցրեց` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ: Ս. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած աներեր հավատով, ով միշտ անսաց և իր կյանքում աշխատեց իրագործել Աստծո պատվիրանները:
  • Ս. Հովսեփ Արիմաթացին Հիսուսի ծածուկ աշակերտներից էր` հարուստ, պարկեշտ, բարեգործ և արդար մի մարդ, ով Աստծո արքայությանն էր սպասում: Իմանալով, որ Հիսուսն արդեն մահացել է խաչի վրա, համարձակվում է մոտենալ Պիղատոսին և թույլտվություն է խնդրում Տիրոջ մարմինը թաղել: Նրա գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Փրկչական գերեզմանի մոտ, որը պատկանում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:
  • Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ է սիրել այս ընտանիքին և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մեռած Ղազարոսին Քրիստոս հարություն է տվել` ուրախացնելով նրա քույրերին: Ավագ քույրը` Մարթան, գործունյա և աշխատասեր էր, իսկ Մարիամը` Աստծո խոսքին ունկնդիր` բարեպաշտ հավատացյալ:

Ըստ ավանդության` նրանք մեկնել են Կիպրոս, որտեղ հետագայում կնքել են իրենց մահկանացուն:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-17, 2023-10-23, 2024-10-21, 2025-10-20, 2026-10-19, 2027-10-18, 2028-10-23, 2029-10-22, 2030-10-21։